Մարտի 6-ին ԵՄ-ն արտահերթ գագաթնաժողով կանցկաց...

Մարտի 6-ին Եվրամիությունը Բրյուսելում կանցկացնի պետությունների և կառավարությունների ղեկավարների արտակարգ գագաթնաժողով՝ նվիրված Ուկրաինայի հակամարտությանը և եվրոպական պաշտպանությանը։ Այս տեղեկությունը հաստատել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։

«Ես որոշել եմ մարտի 6-ին հրավիրել հատուկ Եվրոպական խորհուրդ։ Մենք վճռական պահ ենք ապրում Ուկրաինայի և եվրոպական անվտանգության համար»,- գրել է նա X-ում։

Նա ասել է, որ եվրոպացի առաջնորդների հետ իր խորհրդակցությունների ժամանակ լսել է «ԵՄ մակարդակով այս մարտահրավերներին դիմակայելու ընդհանուր հանձնառություն՝ ամրապնդել եվրոպական պաշտպանությունը և վճռական ներդրում ունենալ մայրցամաքում խաղաղության և Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգության գործում»: «Ես կշարունակեմ աշխատել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և բոլոր անդամ պետությունների հետ, որպեսզի պատրաստ լինեմ որոշումներ կայացնել մարտի 6-ին»,- հավելել է նա։