«ՎԵՏՕ» ՀԿ-ն ղեկավար Նարեկ Մալյանի գլխավորությամբ «անակնկալ» այց է իրականացրել Բաց հասարակությունների հիմնադրամ՝ «Սորոս»-ի գրասենյակ:
«Մենք գրասենյակի բնականոն գործունեությունը չենք խաթարի: Քանի որ տոգորվել ենք բաց հասարակությունների մտքով, և բաց պետք է լինի հասարակությունը, ոստիկանությունը, իրավապահները, բանակը..., այդ թվում պետք է բաց լինի Բաց հասարակությունների հիմնադրամը, որը հայտնի է ավելի շատ հայտնի է որպես Սորոսի կամ Լարիսայի գրասենյակ»,-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց Նարեկ Մալյանը:
Վերջինիս խոսքով՝ այս գրասենյակից դուրս են գալիս և ներս են մտնում մարդիկ, որոնք տարբերի գրանտների դիմաց ծախում են իրենց հայրենիքը: «Մենք այստեղ մեր ժողովրդով այս պահից սկսած պերմանենտ ակցիա ենք սկսում: Մենք աշխատանքային բոլոր ժամերին մեր ՎԵՏՕ-ի ժողովրդով կգանք այստեղ ու կնկարենք բոլոր այն մարդկանց, որոնք ներս են մտնում ու դուրս են գալիս այս գրասենյակից»,-նշեց Մալյանը:
«Մենք գտնում ենք, որ բոլորը պետք է դեմքով իմանան այն մարդկանց, որոնք մեր բոլորի հայրենիքը այս գրասենյակ այցելելով, այս գրասենյակից փող «կպցնելով» վաճառում են»,-ավելացրեց «ՎԵՏՕ»-ի ղեկավարը:



