Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ օգոստոսի 6–ին, ակցիա են իրականացնում Կենտրոնական բանկի առջև. Նրանք խնդրում են համաներում անել և ներել իրենց վարկերի տոկոսները։
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Ունեմ բանկային պրոբլեմ 2018–ին վերցրել եմ 400 հազար դրամ վարկ, 5-6 ամիս մուծել եմ, հետո գնացել եմ Ռուսաստան, եկել եմ, ու տեղյակ չեմ եղել, թե ինչքան տոկոսներ են ավելացել։
Այդ 400 հազարն այսօր դարձել է 2,6 մլն դրամ։ Ես միայնակ կին եմ, երեխա չունեմ, սեփականություն չունեմ, չեմ կարող էդ փողը մուծել, խնդրում եմ տոկոսադրույքների համաներում անեն, որ կարողանամ իմ երկրում գոնե հանգիստ ապրեմ, գործարք անեմ։ Թոշակի տարիքի էլ չեմ, որ կարողանամ թոշակ ստանալ։
Նույնիսկ տարբերակ կա, որ բնակարան վերցնենք, բայց չենք կարողանում, քանի որ ոչ մի գործարք չենք կարողանում անել»։
Մեկ այլ երիտասարդ կին էլ նշեց. «Նախկինում վարկ եմ վերցրել, որոշակի մասը փակել եմ, հետո հիվանդության և այլ վատ բաների պատճառով ուշացրել եմ, ու չեմ կարողացել վազելով հետևից հասնեմ։ Ես միշտ դիմել եմ բանկերին, որ վերավարկավորումներ անեն, որ կարողանամ վարկս վճարեմ։ Ուզում եմ ինձ նորմալ մարդ զգալ, 16 տարի մի օր չի եղել, որ կարողանամ հանգիստ գլուխս բարձին դնել։ Իմ հայրական տանը համասեփականատեր եմ, աճուրդի են դրել, կարող են գույքն առգրավել։
Երբ իմացել եմ, որ ուզում են աճուրդի դնել, ուզեցել եմ ինքնասպանություն գործել։ Շատ մարդիկ ուզում են ինքնասպան լինել իրենցից խլած բնակարանների պատճառով։ Խնդրում ենք մեկանգամյա համաներում անել։ Մարդիկ չեն հրաժարվում իրենց վարկերից, թող վերավարկավորեն, մարդիկ կարողանան իրենց վարկերը վճարեն։ Ինձ նման տասնյակ հազարավոր մարդիկ այդ կարգավիճակում են։ Կառավարությանը խնդրում եմ՝ այս հարցին լուծում տվեք, մարդիկ ինքնասպանության են գնում»։



