
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանում հանրային քննարկումից հետո դուրս եկավ թաղապետարանի շենքից՝ չցանկանալով մեկնաբանել տեղի ունեցած միջադեպը։
«Ժողովո՛ւրդ ջան, ոչ մի բան չենք մեկնաբանում, վերջ, յա», - լրագրողներին ասաց թաղապետը։
Հարցին, թե ինչո՞ւ նրան բերման չենթարկեցին ծեծկռտուքի համար, գուցե քննարկումն ավարտելուց հետո՞ է գնալու ոստիկանություն՝ թաղապետի փոխարեն նրա կուսակից, Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը պատասխանեց․ «Ընդմիջման ենք գնում։ Սոված ենք, գնում ենք հաց ուտելու»։
Հարցին՝ թաղապետին ոստիկանություն չեն հրավիրե՞լ՝ կրկին Անի Խաչատրյանն արձագանքեց. «Ո՛չ»։
Իսկ թե միջադեպը կուսակցությունում քննարկման թեմա կդառնա՞, ավագանու անդամը նշեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը նման քննարկում չունի։
«Մենք միշտ դուխով ենք, հանգիստ եղեք»,-ասաց Խաչատրյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան թաղապետարանի շենքում աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանել են շենք, բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:
Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել էին, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:
Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար:
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:
Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է: