
Բոլորի կողմից անտեսված ենք՝ մեր թաղապետի, թաղապետի տեղակալի: Հանձնարարված է քաղաքապետի կողմից, որ բարելավում լինի, երկու տարի ոչ մեկ չի եկել շենք, չի տեսել: Փլվում է շենքը, օձերն ու կարիճներն էլ չենք ասում։ Մենք տեսանյութեր ունենք, որ հանձնարարական են տալիս, ոչ մի հանձնարարական չի կատարվել, մինչև առ այսօր։ Այս մասին քաղաքապետարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասել է Դավթաշենի 9-րդ փողոց, 70 շենքի բնակիչը:
«Անգամ պարոն Ավինյանն ասում է, որ պարոն Բալայան, անձամբ դու կգնաս շենք, կհասկանաս՝ ինչ վիճակ է, ինչ է: Չեն եկել, չեն հետաքրքրվել: Մեզնից ուզել են սենյակների թղթերը, տարել են, իր ավագանին նստած է եղել, հարցրել է իրեն, որ շենքի մասին է խոսքը, ասել է «մուլտերի հանրակացարան»-ի մասին է, որ կցել ենք 68 ներքևի հանրակացանի հետ: Պարոն Ավինյանը խոսք է տվել, որ իրենցն էլ հետը բարելավելու է, ընդամենը 17 սենյակ է», - նշել է բնակիչը:
Նա հավատացրել է, որ որևէ մեկը հանդիպում չի ունեցել իրենց հետ, այլապես չէին գա քաղաքապետարանի շենքի մոտ: Հարցին՝ փորձե՞լ են հանդիպել պարոն Բալայանի հետ, բնակիչը պատասխանել է՝ ամսի 20-ին, չորեքշաբթի օրն ենք գնացել, ինքն արձակուրդում է, տեղակալը չի իջել:
«Այսօր մեզ ասացին դիմում գրեք, գնացեք: Ինչքա՞ն դիմում: Ուզու՞մ եք, ամբողջ տոպրակս դիմում է, ամբողջ տոպրակս հատ-հատ կարող եմ հանել, ցույց տալ, ինչքան կարելի է, չի լինում այսպես», - ասել է բնակիչը:
Քաղաքացիները պահանջում են, որ իրենց հարցը լուծում ստանա, որևէ մեկը հանդիպի իրենց հետ, կլինի Տիգրան Ավինյանը, տեղակալը, թե՝ ավագանին:
«Մարդ ենք, որքա՞ն կարող ենք այդ օձերի մեջ ապրենք, արդեն տարբերում ենք իժը, չգիտեմ՝ գյուրզան, շախմատը: Մի տարեկան երեխա ենք մեծացնում այնտեղ: Քնում ենք, չգիտենք՝ կզարթնե՞նք, թե՞ չէ», - նշել է բնակիչն ու հավելել, որ չեն գնալու, հարկ եղած դեպքում նաև փողոցն են փակելու: