Այսօր՝ մայիսի 2-ին ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը չէր ներկայացել իր եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նախնական դատական նիստին։ Այսօրվա նիստին դատարանը քննարկելու է նրանց խափանման միջոցների հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը։
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ պաշտպաններից դիմում է ստացվել այն մասին, որ ամբաստանյալը վատառողջ է եւ բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում։ Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը դատարանին միջնորդեց հետաձգել խափանման միջոցի հարցի քննարկումը՝ խոստանալով հաջորդ դատական նիստին ապահովել Գրիգորյանի ներկայությունը։
Նախագահող դատավորը սակայն տեղեկացրեց, որ այս հարցը կարող է քննարկվել նաեւ մեղադրյալի բացակայությամբ եւ որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը։ Այնուհետ Գրիգորյանների պաշտպաններից, փաստաբան Քամալյանը միջնորդեց Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործը քննել դռնփակ դատական կարգով։ Ըստ նրա՝ այս գործով պարբերաբար արածարծվում են ռազմական գաղտնիք հանդիսացող ապացույցներ, մասնավորապես Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ տվյալներ։
Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ այսօրվա դատական նիստում գործով ապացույցներ չեն հետազոտվելու եւ դատարանը քննելու է միայն խափանման միջոցների հիմնավոր լինելու եւ չլինելու հարցը։



