Երեկ՝ հունվարի 6-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում, ինչի հետևանքով «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Այսօր՝ հունվարի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության ծառայողները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև վիրավորի, մասնակիցների և կրակոց արձակողի ինքնությունը:
Պարզվել է, որ երեկ՝ ժամը 13:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 18 հասցեի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է առաջացել, որն այնուհետև շարունակվել է Տերյան փողոցում՝ Վանաձորի բնակիչներ 45-ամյա Միկիտ Մարկոսյանի, 43-ամյա Դավիթ Մարկոսյանի և 38-ամյա Տիգրան Էվոյանի միջև:
Այն տևել է մոտ 10-15 րոպե և վիճաբանության ժամանակ, ըստ ստացված օպերատիվ հավաստի տեղեկությունների՝ Մ. Մարկոսյանը իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Տ. Էվոյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք, ապա Մ. Մարկոսյանը իր կողմից շահագործվող «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքնայով դեպքի վայրից դիմել է փախուստի:
Տ. Էլոյանը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասին, 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշնեով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև քննչական մարմնի կողմից հանձնարարական է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակին, որպեսզի հայտնաբերեն «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան: