Մանկական կեր, խնձոր, թեյ, կոնֆետ և միլիոնավոր...

Ադրբեջանից Հայաստան ներկրված բենզինը հանրային մեծ աղմուկ բարձրացրեց։ Աղմուկը մեծ է, սակայն պետք է արձանագրել, որ Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները նոր երևույթ չեն։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, ըստ Համաշխարհային բանկ տվյալների, 2017 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 7 մլն դոլար, իսկ 2018 թվականին՝ 211 մլն դոլար, որից մոտ 50 մլն դոլարը, ըստ որոշ գնահատականների՝ առաջին եռամսյակում, այսինքն այն ժամանակահատվածում, երբ Սերժ Սարգսյանը դեռ իշխանության էր։

Այսօր Սերժ Սարգսյանի թիմակիցները պնդում են, թե այդ գումարները Հայաստան են ուղարկվել՝ հեղափոխություն իրականացնելու նպատակով։ Սակայն այդ դեպքում լուրջ հարց է առաջանում․ ինչպե՞ս են ադրբեջանական կողմերը կարողացել նման ծավալի գումարներ փոխանցել Հայաստան՝ առանց օրվա իշխանությունների գիտության։

2017 թվականին Հայաստան էր ներկրվել Nutrilon բրենդի մանկական կեր, որն արտադրված էր Ադրբեջանում։ Նշված կաթի փոշին Հայաստան է ներմուծել «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որը պատկանում է Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանին։ Ի դեպ, միայն ներմուծողի պիտակը հեռացնելուց հետո էր պարզ դառնում, որ ապրանքը արտադրված է Ադրբեջանում։ Այսինքն՝ ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող ընկերությունում շատ լավ գիտակցել են, թե որ երկրի արտադրանք են ներմուծում Հայաստան։

Նույն՝ 2017 թվականին Հայաստան էր ներկրվել նաև ադրբեջանական խնձոր, որի վրայից անգամ արտադրողի ադրբեջանական պիտակները չէին հեռացվել։

Նույն թվականին պարզվել էր, որ Հայաստան է ներմուծվել և խանութներում վաճառվել են ադրբեջանական անորակ կոնֆետներ։

Դեռևս 2014 թվականին մայրաքաղաքի որոշ խանութների պարենային ապրանքների բաժիններում վաճառվում էր ադրբեջանական հայտնի «Ազերչայ» (Azərçay) բրենդի «Բուկետ» (Buket) տեսակի թեյը։

Թուրքական ապրանքների թեման նույնիսկ ավելորդ է մանրամասնել։ Սակայն չպետք է մոռանալ, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, մասնավորապես 2015–2016 թվականներին, նրա փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված ընկերությունները օգնում էին թուրքական գյուղատնտեսական արտադրանք արտահանող ընկերություններին՝ Հայաստանի տարածքով շրջանցելու Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառված սանկցիաները։ Արդյունքում Հայաստանի գյուղատնտեսությունը հայտնվել էր բարդ վիճակում, քանի որ խոշոր արտահանողների համար առավել շահավետ էր հայկական արտադրանքի անվան տակ թուրքական ապրանք վերաարտահանել։

Այո՛, Ադրբեջանից ներմուծվող ապրանքների թեման հուզական է, սակայն գոնե այս հարցում չպետք է հուզվեն նախորդ իշխանությունների ներկայացուցիչները, որոնց օրոք անգամ մանկական սնունդ էր ներմուծվում Ադրբեջանից։