Մանդատը դուք ստացել եք ժողովրդից, ոչ թե գործա...

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը մի շատ հետաքրքիր նախադասություն ունի, որտեղ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Իսկ այդ գաղափարը կարող է կյանքի կոչվել մեկ հիմնարար սկզբունքով։ Այն է՝ իշխանությունների տարանջատումը։ Օրենսդիր, գործադիր և դատական՝ երեք ճյուղեր են, և երեքն էլ պետք է լինեն անկախ, չպետք է ծառայեն միմյանց, այլ պետք է վերահսկեն միմյանց, որովհետև հենց այդ գաղափարով է պաշտպանվելու քաղաքացին իշխանության չարաշահումներից։

Բայց այսօր Հայաստանում մենք տեսնում ենք ճիշտ հակառակը։ Դուք տարիներ շարունակ, քայլ առ քայլ, կառուցել եք մի համակարգ, որտեղ ամեն ինչ պետք է ենթարկվի մեկ քաղաքական կամքի, կամ կարող ենք ասել՝ մեկ քաղաքական մարդու։

Դուք ընտրական գործընթացի արդյունքում հասաք նրան, որ, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դուրս մնաց խորհրդարանից։ Արդյունքում, ինձանից ձախ հատվածում ձևավորվեց այնպիսի մեծամասնություն, որն ապահովեց ձեզ համար նույնիսկ սահմանադրական որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ՝ երեք հինգերորդի ձայները։ Բայց ձեր համար նույնիսկ սա էլ բավարար չէ։

Դուք ցանկանում եք մենաշնորհ ունենալ ամեն ինչի վրա՝ մենաշնորհ քաղաքական դաշտում, մենաշնորհ որոշումների կայացման մեջ և այլն։ Բայց ամենավտանգավոր մենաշնորհը, որին դուք ձգտում եք, դա, դուք էլ գիտեք, բառի բուն իմաստով իշխանության մենաշնորհն է»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։