Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Գաբրիել Աթալին խնդրել է ժամանակավորապես մնալ իր պաշտոնին այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։ Վարչապետ Աթալը հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում կմնա իր պաշտոնում, մինչև նոր կառավարության ձևավորումը, և հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 8-ի առավոտյան։ Մակրոնը, սակայն, Ատալին խնդրել է մնալ կառավարության ղեկավար՝ «երկրի կայունությունն ապահովելու համար»։ Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում ամենամեծ թվով ձայները (182 տեղ) հավաքել է «Նոր ժողովրդական ճակատ» կուսակցությունը, որին, սակայն, չի հաջողվել 577 տեղանոց Ազգային ժողովում ստանալ մեծամասնություն։ Նախագահ Էմանուել Մակրոնի«Միասին» կենտրոնամետ կոալիցիան զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով 168 մանդատ, իսկ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» երրորդ տեղում է՝ 143 մանդատով։ Ֆրանսիայում քաղաքական անորոշություն է տիրում․ երկիրը պետք է նոր կառավարություն ձևավորի Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերից առաջ։