Մակրոնը մարզահագուստով հայտնվել է Հանրապետութ...

Ֆրանսիայի նախագահ Էմենաուել Մակրոնը, ով երեկ է ժամանել Երևան, այսօր՝ մայիսի 4–ի առավոտյան, մարզահագուստով հայտնվել է Կառավարության շենքի դիմաց։ Նա երկու մեծ շների հետ է։ Ֆրանսիայի նախագահը վաղ առավոտյան վազել է՝ նախքան կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը մայիսի 4-ին Երևանում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Մայիսի 3-ի երեկոյան նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զբոսնել է Երևանի կենտրոնում։

Մայիսի 5-ին կմեկնարկի նրա պետական այցը Հայաստան։ Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով:

Նախագահ Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև կայցելի Մատենադարան:

Տեղի կունենա նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին: