Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը և կոչ է արել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներ սահմանել, ասված է Ելիսեյան պալատի կոմյունիկեում:
«Հանրապետության նախագահը դատապարտում է ՌԴ նախագահի ընդունած որոշումը Ուկրաինայի արևելքի անջատողական շրջանները ճանաչելու մասին», – ասված է հաղորդագրության մեջ:
Մակրոնի կարծիքով՝ նման որոշումը Ռուսաստանի միջազգային պարտավորությունների միակողմանի խախտում է և ոտնձգություն Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ:
«Նա կոչ է անում հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ, ինչպես նաև ընդունել եվրոպական նպատակային պատժամիջոցներ»,- նշել են Ելիսեյան պալատում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո դիմել է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր կանգնել են արյունահեղության, բռնության և անօրինականության ուղու վրա, չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության որևէ այլ լուծում, բացի ռազմականից: Կրեմլում նախագահի դիմումից անմիջապես հետո ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելու մասին հրամանագրեր են ստորագրվել:



