Մակրոնն ու Զելենսկին հանդիպում են անցկացնում...

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Փարիզ՝ Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ հանդիպման: Երկու ղեկավարները Ելիսեյան պալատի դիմաց միմյանց ձեռք են սեղմել և ներս մտել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Զելենսկու հետ կքննարկի Ուկրաինայում «արդար և տևական խաղաղության պայմանները»: 

Ֆրանսիայում Զելենսկին նաև կայցելի Dassault Aviation ավիատիեզերական ընկերության ձեռնարկություն, որն արտադրում է Rafale կործանիչներ:  

Փարիզ այցից առաջ Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին պատերազմն ավարտելու գործում ինտենսիվ կերպով ներգրավվելու համար: 

Ֆլորիդայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպման ավարտից հետո Զելենսկին զրուցել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ, տեղեկացրել նրան բանակցությունների մասին: 

«Կան դժվար հարցեր, որոնց վրա դեռ պետք է աշխատել», - գրել է Զելենսկին իր Telegram ալիքում: 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը զրուցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ: 

Նոյեմբերի 30-ին Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պաշտոնյաները Ֆլորիդայում բանակցությունների ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի ամերիկյան ծրագիրը: Բանակցություններից հետո պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հանդիպումն արդյունավետ էր, բայց դեռ շատ աշխատանք կա անելու: Ռուբիոյի խոսքով՝ հարցը միայն պատերազմի ավարտը չէ, այլև Ուկրաինայի ապագայի ապահովումը: Ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովն իր հերթին հանդիպումը որակել է արդյունավետ և հաջող՝ նշելով, որ Միացյալ Նահանգները մեծ աջակցություն է ցուցաբերում: