ՄԱԿ-ը Լիբանանում սկսել է իր խաղաղապահների թվա...

ՄԱԿ-ը Լիբանանում սկսել է իր խաղաղապահների թվաքանակի կրճատումը մոտավորապես մեկ քառորդով: Այդ մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի (UNIFIL) մամուլի քարտուղար Քենդիս Արբիլը:

«ՄԱԿ-ի համակարգում բյուջեի կրճատումների հետևանքով  UNIFIL-ն սկսել է իր անձնակազմի կրճատման գործընթացը մոտավորապես մեկ քառորդով: Մենք արդեն սկսել ենք այդ գործընթացը, և սպասվում է, որ այն կավարտվի մինչև 2026 թվականի սկիզբը», - բացատրել է Արբիլը:

2025 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ զորակազմն ուներ 9900 անդամ, մինչդեռ ավելի վաղ UNIFIL-ի  առաքելության կազմում կար 10 500 զինծառայող, հաղորդում է թերթը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները:

Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ անցած տարվա ընթացքում խաղաղապահները չեն նկատել «Հեզբոլլահ» շարժման կամ այլ ոչ պետական ​​զինված խմբավորումների կողմից որևէ ռազմական ակտիվություն իրենց գործողությունների գոտում: Արբիլի խոսքով՝ չարտոնված ռազմական ենթակառուցվածքների վերականգնում կամ չարտոնված զենքի վերաներմուծում նույնպես չեն արձանագրվել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օգոստոսի վերջին UNIFIL-ի մանդատի գործողության ժամկետը երկարաձգել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը և որոշել է 2026 թ. դեկտեմբերի 31-ից սկսել անձնակազմի կարգավորված և անվտանգ կրճատումը և դուրսբերումը մեկ տարվա ընթացքում: