ՄԱԿ-ը կրճատում է օգնությունն Աֆղանստանին՝ ֆին...

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) հայտարարել է ֆինանսավորման աղետալի պակասի մասին. դա կհանգեցնի Աֆղանստանի միլիոնավոր բնակիչների օգնության կրճատմանը: Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

«Այս տարվա սեպտեմբերին Պարենի համաշխարհային ծրագիրը ստիպված կլինի պարենային օգնությունից զրկել Աֆղանստանի ևս երկու միլիոն սովյալների: Հետագայում, ֆինանսավորման հսկայական դեֆիցիտի պատճառով, ՊՀԾ-ն կկարողանա հրատապ օգնություն ցուցաբերել ամսական միայն երեք միլիոն աֆղանստանցու, մինչդեռ կարիքավորների ընդհանուր թիվն այս երկրում մոտենում է տասնհինգ միլիոնի», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ֆինանսավորման կրճատումը նշանակում է, որ 1,4 միլիոն հղի կանայք, երիտասարդ մայրեր և նրանց երեխաներ այլևս չեն ստանա հատուկ սնունդ, որը նախատեսված է թերսնումը կանխելու համար:

«Առանց այդ էլ բարձր մակարդակի սովի և թերսնման պայմաններում մենք ստիպված ենք ընտրություն կատարել թերսնվողներին և սովյալներին աջակցելու միջև, որի հետևանքով միլիոնավոր ընտանիքներ ստիպված են ապրուստն ինքնուրույն հայթայթել: Մեզ մոտ մնացած ոչ մեծ ռեսուրսներով մենք ի վիճակի չենք օգնել բոլոր այն մարդկանց, որոնք գտնվում են լիակատար աղքատության շեմին», - հայտարարել է Աֆղանստանում ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչ Սյաո Վեյ Լին։

Ամբողջ աշխարհում կարիքների կտրուկ աճի կապակցությամբ ՄԱԿ-ի ՊՀԾ-ն կոչ է արել դոնոր երկրների կառավարություններին առաջնահերթություն տալ հումանիտար գործողությունների ֆինանսավորմանը:

Հայտարարությունն արվել է Նյու Յորքում բացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ տարեկան նստաշրջանի նախաշեմին։