ՄԱԿ-ը հայտարարել է, որ ֆինանսավորման կրճատում...

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) գործադիր տնօրենի տեղակալ Էնդրյու Սաբերտոնը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունների հայտարարած ֆինանսավորման կրճատումներն անմիջականորեն կազդեն Աֆղանստանում մարդասիրական ծրագրերի վրա։

«Այս ֆինանսավորման մեծ մասը նախատեսված էր ընտանեկան առողջության և շարժական բժշկության աջակցության համար՝ կենսական նշանակություն ունեցող գործունեություն մի երկրում, որն ունի մայրական մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկն աշխարհում»,-հայտնել է Սաբերտոնը։

Նրա տվյալներով՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աշխատանքի ֆինանսավորման կրճատման պատճառով կտուժեն 6,9 միլիոն կանայք և երեխաներ, իսկ Հիմնադրամի կողմից աջակցվող կլինիկաների թիվը 900-ից կնվազի և կհասնի մոտ 400-ի:

Միաժամանակ, Սաբերտոնը նշել է, որ չնայած դժվարություններին, Հիմնադրամը մտադիր է շարունակել իր աշխատանքն Աֆղանստանում։

«ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մնում է երկրում՝ մարդկանց օգնելու համար, բայց առանց աջակցության մենք չենք կարող շարունակել մեր ծրագրերը։ Անհապաղ այս ծառայությունները շարունակելու և աֆղան կանանց ու նորածինների արժանապատվությունը, առողջությունն ու կյանքը պաշտպանելու համար ռեսուրսներ են անհրաժեշտ», - Նյու Յորքում հայտարարել է նա լրագրողների հետ զրույցում։