ՄԱԿ-ում ԱՄՆ-ի կողմից կատարված ներդրումների կր...

Միացյալ Նահանգների կողմից ՄԱԿ-ի բյուջեին կատարվող հատկացումների պլանավորվող կրճատումը կարող է լրջորեն խաթարել կազմակերպության աշխատանքը։ Այս մասին գրում է Foreign Policy ամսագիրը՝ մեկնաբանելով հուլիսի 15-ին Սենատում տեղի ունեցած լսումները՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայք Ուոլթցի՝ համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում հաստատման վերաբերյալ։

Սենատում կայացած լսումների ժամանակ Մայք Ուոլթցը հաստատել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսավորել խաղաղապահ գործողությունները, ահաբեկչության դեմ պայքարը և անհրաժեշտ մարդասիրական օգնության տրամադրումը։ Սակայն նա ընդգծել է, որ բոլոր ծախսերը մանրակրկիտ կստուգվեն, նշվում է Foreign Policy ամսագրի հոդվածում։

Foreign Policy ամսագրի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի դադարեցնի ՄԱԿ-ի ֆինանսավորումն ամբողջությամբ, այլ կկրճատի այն ծախսերը, որոնք «կհամարի ոչ արդյունավետ, գաղափարապես դրդված կամ Վաշինգտոնի շահերին հակասող»։ Սա տեղի կունենա նույնիսկ այն դեպքում, եթե նման քայլերը նշանակեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Միացյալ Նահանգների մասնակցությամբ ստեղծված միջազգային ենթակառուցվածքի քայքայում։