ՄԱԿ-ի՝ Իրանի հարցով անկախ փաստահավաք առաքելությունը հայտարարել է, որ ողջամիտ հիմքեր ունի ենթադրելու՝ փետրվարին Իրանի տարածքում ԱՄՆ-ի իրականացրած երկու հարվածները ռազմական հանցագործություններ են։ Հետաքննության առանցքում Մինաբ քաղաքի տարրական դպրոցի և Լամերդի մարզական կենտրոնի ուղղությամբ հարվածներն են։ ՄԱԿ-ի փորձագետների տվյալներով՝ Մինաբի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ շուրջ 120 երեխա։ Այս թվերը հիմնված են Իրանի իշխանությունների տվյալների վրա։ Առաքելությունը որևէ ապացույց չի հայտնաբերել, որ դպրոցն օգտագործվել է ռազմական նպատակներով։ Փորձագետները եզրակացրել են, որ ԱՄՆ-ը հարվածից առաջ պատշաճ կերպով չի ստուգել հետախուզական տվյալները, որոնց համաձայն՝ շենքում կարող էր գտնվել իրանցի բարձրաստիճան զինվորական։ Առաքելության գնահատմամբ՝ հարվածն ունեցել է ոչ ընտրողական բնույթ և միջազգային իրավունքի համաձայն կարող է որակվել որպես ռազմական հանցագործություն։ Նման եզրակացության է առաքելությունը հանգել նաև Լամերդի մարզական կենտրոնին հասցված հարվածի վերաբերյալ, որի հետևանքով, զեկույցի համաձայն, զոհվել և վիրավորվել է 22 խաղաղ բնակիչ։ Միաժամանակ ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները հակակառավարական ցույցերի ճնշման ընթացքում կատարել են մարդկության դեմ հանցագործություններ՝ ներառյալ ապօրինի սպանություններ, խոշտանգումներ, կամայական ձերբակալություններ և բռնի անհետացումներ։ ԱՄՆ պաշտոնյաները նախկինում հայտարարել են, որ ռազմական գործողություններն իրականացվում են զինված հակամարտությունների իրավունքի համաձայն։ Իրանի իշխանություններն իրենց հերթին մշտապես հերքել են մարդու իրավունքների համակարգային խախտումների վերաբերյալ մեղադրանքները։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։



