ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է ԱՄՆ-ի Գազայի հարցով առա...

Գազայի հատվածում երկարատև խաղաղություն հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձևի նախագիծը ստացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը, հաղորդում է կազմակերպության կայքը:

15 անդամ պետություններից տասներեքը հաստատել են փաստաթուղթը: Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել: Բանաձևը հիմնված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի վրա, որը, մասնավորապես, կոչ է անում ստեղծել Խաղաղության խորհուրդ՝ որպես անցումային մարմին և տեղակայել Միջազգային կայունացման ուժեր (ISF) Գազայում: Փաստաթղթում նաև նշվում է բարեփոխումներից և անկլավի վերակառուցումից հետո պաղեստինյան ինքնորոշման և պետականության համար ճանապարհ հարթող պայմանների հնարավորության մասին:

Ռուսաստանը նախկինում առաջարկել էր բանաձևի իր սեփական տարբերակը, որը կհանձնարարեր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին մշակել առաջարկներ Գազայի հատվածում հնարավոր կայունացման առաքելության վերաբերյալ, սակայն նախագիծը քվեարկության չի դրվել։

Նեբենզյան բացատրել է, որ Մոսկվան այս որոշումը կայացրել է անկլավում արյունահեղության վերսկսումից խուսափելու համար՝ հաշվի առնելով, որ Արևմտյան ափին գտնվող Ռամալլահը և արաբական մուսուլմանական պետություններն աջակցել են ամերիկյան առաջարկին։

ՀԱՄԱՍ-ը մերժել է բանաձևը՝ նշելով, որ այն չի լուծում պաղեստինցիների իրավունքներն ու պահանջները, քանի որ այն փաստացի առաջարկում է արտաքին կառավարման պարտադրում:

«Միջազգային ուժերին Գազայի հատվածում առաջադրանքներ և գործառույթներ շնորհելը, այդ թվում՝ դիմադրության զինաթափումը, զրկում է նրանց չեզոքությունից և վերածում օկուպանտների», - հայտարարել է խումբը:

Ընդունված բանաձևի համաձայն՝ Միացյալ Նահանգներին և այլ շահագրգիռ երկրներին լայն լիազորություններ կտրվեն Գազայի հատվածը կառավարելու և այնտեղ անվտանգությունն ապահովելու համար մինչև 2027 թվականի վերջը՝ երկարաձգման հնարավորությամբ:

Նախագծի համաձայն՝ Միջազգային կայունացման ուժերը կգործեն Իսրայելի և Եգիպտոսի հետ սերտ համակարգմամբ՝ Խաղաղության խորհրդի կողմից համաձայնեցված միասնական հրամանատարության ներքո, որը կգլխավորի Թրամփը: Զորակազմը կներառի մի շարք երկրների զինվորականներ, որոնց մասնակցելու պատրաստակամությունն արդեն հայտնել են Ադրբեջանը, Եգիպտոսը, Ինդոնեզիան և Թուրքիան: