
ՄԱԿ միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ ապահովիչ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որն Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին նշվել է ատյանի հայտարարությունում։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արեւմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ։ Դիմումին կցվել է ԱՄԷ-ի դեմ պաշտպանության ապահովիչ միջոցների մասին խնդրանք։ Խարթումը մեղադրել է Աբու Դաբիին Սուդանի բանակի դեմ բախումներին ներգրավված Արագ արձագանքման ուժերին աջակցելու մեջ: Ապրիլի 10-ին տեղի են ունեցել Սուդանի հայցի վերաբերյալ հանրային լսումներ, դատարանի որոշումը կկայացվի տեղի ժամանակով ժամը 15:00-ին։Իրավիճակը Սուդանում սրվել է 2023թ. ապրիլին՝ երկրի Ինքնիշխան խորհրդի նախագահ եւ բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի եւ Արագ արձագանքման ուժերի ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոյի միջեւ տարաձայնությունների պատճառով։ Նրանց միջեւ հիմնական հակասությունները կապված են միասնական զինված ուժեր ձեւավորելու ժամանակի եւ մեթոդների, ինչպես նաեւ այն հարցի հետ, թե ով պետք է զբաղեցնի գլխավոր հրամանատարի պաշտոնը՝ պրոֆեսիոնալ զինվորը, ինչպես պնդում է ալ-Բուրհանը, թե՞ ընտրված քաղաքացիական նախագահը, ինչպես պնդում է Դագալոն: