
Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մադրիդում մասնակցել է ՀՀ անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որը կազմակերպել էր Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը ընդունելության ժամանակ հանդես է եկել ողջույնի խոսքով: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ձերդ գերազանցություններ,
Պատվարժան հյուրեր,
Տիկնայք եւ պարոնայք,
Մեծ պատիվ է այսօր ձեզ հետ մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը:
Մեր Ազգային տոնը ոչ միայն Հայաստանի անկախության հռչակման տոն է, այլեւ մեր որդեգրած արժեքների՝ ազատության, տոկունության, խաղաղության եւ ժողովրդավարության հանդեպ հանձնառության վերահաստատում:
Այս տարի մեր տոնակատարությունն ունի շատ կարեւոր ուղերձ: 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին Հռչակագիր, որը բացում է մեր պատմության նոր էջը: Այն կարեւոր հանգրվան է մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման ճանապարհին, խաղաղություն, որին մեր ժողովուրդները վաղուց են սպասում եւ որին արժանի են:
Ուրախ ենք, որ այս կարեւոր օրը նշում ենք Մադրիդում՝ մի քաղաքում, որը խորհրդանշում է մշակութային բազմազանությունը, երկխոսությունը եւ բարեկամությունը: Հայաստանի եւ Իսպանիայի հարաբերությունները, հիմնված փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր ձգտումների վրա, շարունակաբար զարգանում են քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Մենք բարձր ենք գնահատում Իսպանիայի դերը՝ որպես գործընկեր թե՛ Եվրոպական միության շրջանակներում, թե՛ դրա սահմաններից դուրս եւ ակնկալում մեր համագործակցության հետագա խորացում:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Իսպանիայում բնակվող հայ համայնքին, որի նվիրվածության ու աշխատանքի շնորհիվ մեր երկու ժողովուրդների միջեւ ստեղծվել է կենդանի կամուրջ:
Թող այս օրը եւս մեկ առիթ հանդիսանա ավելի խորացնելու Հայաստանի եւ Իսպանիայի կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության, խաղաղության ու բարեկեցության:
Կեցցե՛ն Հայաստանի Հանրապետությունը եւ Իսպանիայի Թագավորությունը:
Շնորհակալություն»: