ՀՀ առողջապահության նախարարի խոսքով՝ ԼՂ-ից տեղահանված քաղաքացիները կարող են օգտվել անվճար բուժօգնությունից, բայց ընթացակարգը նույն է, ինչպես ՀՀ քաղաքացիների համար է. նախ պետք է դիմեն և գրանցվեն պոլիկլինիկաներում։
«Եթե պլանային բժշկական օգնության կարիք կա, անձը պետք է դիմի իր պոլիկլինիկա, վերցնի ուղեգիրը և գնա բժշկական հաստատություն։ Անձը ինքնուրույն չի կարող որոշել, թե իրեն ինչ հետազոտություն է անհրաժեշտ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը:
Ըստ նախարարի՝ ԲԿ դիմելու ընթացակարգը տեղահանված անձանց համար նույնն է, բայց տրամադրվող բուժօգնությունը լինելու է անվճար։ Վերջինս նկատեց՝ անվճար բուժօգնության համար խանգարող հանգամանք չէ այն, որ անձը գրանցված է ՀՀ-ում և ունի սեփականություն, կարևոր է, որ նա հաշվառված է և բռնի տեղահանված անձ։
Հոկտեմբերի 23-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 42 հազար քաղաքացի է գրանցվել պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում: Նրանցից 333-ը հղիներ են:



