Հ կառավարության 2023 թ․ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1864-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացում։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից՝ ներկայացնելով մանրամասներ.
– ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2025 թ․ դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։
Փաստաթղթավորման գործընթացը դյուրացվել է հետևյալ կետերով՝
- ՀՀ մուտք գործելու համար ժամանակավոր պաշտպանության վկայական այլևս չի պահանջվի, բավական է ունենալ «070» ծածկագրով անձնագիր։ Մինչդեռ ՀՀ-ից ելքի համար տեղահանված անձը պարտադիր պետք է ունենա վավեր ժամանակավոր պաշտպանության վկայական և վավեր անձնագիր։ Ըստ այդմ, հորդորում ենք առաջիկա ամիսներին ելքի ուղղությամբ սահմանահատում ծրագրելու պարագայում անմիջապես զբաղվել վերոնշյալ փաստաթղթերի վավերականության ժամկետների թարմացմամբ, քանի որ տարեվերջին, ըստ էության, դիմումների թիվը մեծ կլինի, և հնարավոր են կուտակումներ։
- Փոփոխության է ենթարկվել նաև ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականում վավերականության ժամկետի նշման դաշտը, ինչը թույլ կտա քարտի վավերականության ժամկետը երկարաձգել առանց նոր վկայական տրամադրելու, այսինքն՝ հաջորդ անգամ քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու համար դիմում գրելու անհրաժեշտություն չի լինելու, գործընթացն իրականացվելու է ավտոմատ ձևով՝ ծրագրային միջամտությամբ։
ԼՂ-ից բռնի տեղահանված այն քաղաքացիները, որոնց ժամանակավոր պաշտպանության վկայականները վավեր են մինչև 31․12․2024 թ․, արդեն կարող են դիմել տարածքային նախկին անձնագրային բաժիններ՝ քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով։