ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակ...

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց, որը քայլ առ քայլ ներկայացնում է բոլոր ընթացակարգերը՝ հաշվառումից մինչև տարբեր կարիքների ապահովում:

 

 Հայաստան մուտք գործելը և հաշվառվելը

Քայլ 1.
Հայաստան մուտք գործելուն պես Ձեզ կդիմավորեն ՀՀ սահմանապահները, ավտոմեքենաների գրանցումից հետո կուղղորդեն հաշվառում անցնել Գորիսում կամ Վայքում:
Քայլ 2.
Գնալ Գորիսի Պետական Դրամատիկական Թատրոնի կամ Վայքի Մշակույթի Տան շենք։

 

Նշված կենտրոնակայաններից մեկում կիրականացվի անձի նույնականացում և հաշվառում, և այդ պահին առաջնային կարիքների գնահատում։
Այստեղ տրամադրվում են անհրաժեշտ պարագաներ՝ հիգիենայի միջոցներ, սնունդ, տաք ծածկոց, դեղորայք, կհստակեցվի կեցության վայրի անհրաժեշտությունը, կեցության կարիքի դեպքում կտրամադրվի պետության կողմից ապահովվող կացարաններ։

Կեցության վայրով ապահովումը
Քայլ 3.
Հաշվառման գործընթացից հետո այն անձինք, ովքեր ցանկություն են հայտնել օգտվել կառավարության կողմից տրամադրված կացարաններից՝ սակայն չունեն սեփական տրանսպորտային միջոց կամ ունեն տեղաշարժման հետ կապված խնդիրներ՝ կապահովվեն տրանսպորտով և կտեղափոխվեն կառավարության կողմից հատկացվող ժամանակավոր կացարաններ:

Սննդի, սոցիալական այլ կարիքների ապահովումը
Քայլ 4.
Կեցության, սննդի, առաջնային այլ կարիքների ապահովման նպատակով տեղահանված անձինք կարող են դիմել Հայաստանի 60-ից ավել համայնքներում կառավարության կողմից ստեղծված Տարածքային հումանիտար կենտրոններ կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ Կենտրոնները հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով: Հասցեները և կոնտակտները հասանելի են՝ irazekum.am հարթակում։

Քայլ 5.
Տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում: Անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող մոտակա բժշկական կազմակերպություն կամ զանգահարել 114 թեժ գծին։
Հոգեբանական խորհրդատվության և աջակցության համար հասանելի է թեժ գիծ՝ +374 10 552-495 հեռախոսահամարով։

Քայլ 6.

 

Հրատապ աջակցություն ստանալու նպատակով լրացրեք ձեր կարիքները e-soc.am հարթակում կամ զանգահարեք 114 թեժ գծին:

ℹ️Թեժ գիծ և Ուղեցույց

Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով գործում է 114 թեժ գիծը, տրամադրվող աջակցություններից օգտվելու ուղեցույցները և անհրաժեշտ կոնտակտները հասանելի են irazekum.am հասցեում։

ℹ️Անվճար շարժական կապ ՀՀ տարածքում

 

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են անվճար միանալ և օգտվել ՀՀ տարածքում գործող շարժական կապի ծառայություններից: Այդ նպատակով անհրաժեշտ է այցելել օպերատորների մոտակա գրասենյակներ։

«Հորդորում ենք՝
 պարտադիր հաշվառվել, որպեսզի առաջիկայում պետության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերը հասանելի լինեն նաև ձեզ համար: Եթե, այնուամենայնիվ, մուտք եք գործել ՀՀ տարածք, սակայն չեք հաշվառվել՝ կարող եք մոտենալ 60-ից ավելի համայնքներում կառավարության կողմից ստեղծված հումանիտար կենտրոններ, Երևանի վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ)։ Հասցեները և կոնտակտները հասանելի են՝ irazekum.am հարթակում։
 նրանք, ովքեր չեն հաշվառվել, կացարան չունեն և հայտնվել են Երևանում՝ մոտենալ Փարաքարի Մշակույթի տուն (հասցե՝ Նաիրի 40)՝ դեպի ՀՀ տարբեր մարզերում գտնվող կացարաններ տեղափոխումը ապահովելու և առաջնային կարիքները գնահատելու նպատակով։
 փաստաթղթային խնդիրներ ունեցող անձանց նշյալ խնդիրները կարգավորելու համար կարող եք մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգահարել 010370264 հեռախոսահամարով։
 հետևել պաշտոնական ցուցումներին՝ հնարավոր փոփոխությունների դեպքում իրազեկված լինելու համար»,-ասվում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում: