
100 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել ևս 4136 բռնի տեղահանված, արդյունքում՝ միանվագ դրամական այս աջակցությունը տրամադրվել է 108 336 անձի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Հումանիտար կենտրոնում» մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը:
«40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում հոկտեմբերին վճարվել է 99 820 անձի»,-ասաց նա:
Իր հերթին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 1837 ուսանող արդեն իսկ ներգրավված են ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում: Ըստ նրա՝ կրթաթոշակների տրամադրումը կմեկնարկի ստացված տվյալների նույնականացման գործընթացից հետո:
Սարգիս Հայոցյանը հիշեցրել է, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակ տրամադրելու» կարգը:
Տեղեկացվել է նաև, որ ներկայումս շրջանառության մեջ է ԼՂ-ի կառավարության կողմից ուսման վարձի փոխհատուցմամբ ՀՀ բուհերում սովորող ուսանողների ուսման վճարների փոխհատուցման կարգը: