ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն Իրանի պաշտոնա...

Լեռնային Ղարաբաղի շուրջ Իրանի պաշտոնական դիրքորոշումն արդեն իսկ ներկայացվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի կողմից, որի համաձայն՝ այնտեղի հայ բնակիչներն իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ, և նրանց իրավունքները, կյանքն ու ունեցվածքը պետք է հարգվեն ու պահպանվեն։  

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում, անդրադառնալով 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հարձակմանը և դրա հետևանքով տեղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, միջազգայնագետը հիշեցրեց Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հայտարարությունն այն մասին, որ  Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ, և նրանց իրավունքները պետք է հարգվեն:

«Սա այն է, ինչին մենք հավատում ենք, սակայն, այդուհանդերձ, մենք դա իրականացնելու համար գործիքներ չունենք: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարության պարտականությունն է պաշտպանել այդ մարդկանց, օրինակ, դիմել միջազգային դատարաններ, օգտագործել միջազգային իրավունքն ու կանոնները, բողոքներ ներկայացնել, ստիպել Ադրբեջանի կառավարությանը հարգել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները։ Սա է Իրանի դիրքորոշումը»,-ընդգծեց Էհսան Մովահեդիանը: