Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ Էնեզին:
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանն իր ջերմագին շնորհավորանքներն է հղել դեսպանին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ Անկախության և Ազատագրման երկտոնի առթիվ։ «Ուրախ եմ Ձեր ազգային տոներին ընդառաջ ընդունել Ձեզ և շնորհավորել, ինչպես նաև ի դեմս Ձեզ իմ շնորհավորանքները փոխանցել Քուվեյթի բարեկամ ժողովրդին: Միաժամանակ, այս հնարավորությունն օգտագործելով, խնդրում եմ իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին:
Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մենք բարեկամ ժողովուրդներ ենք և առանձնահատուկ հարաբերություններ ունենք, ինչը պայմանավորված է նաև ձեր երկրում հայկական համայնքի ներկայությամբ, որի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունենք: Պատրաստ ենք մեր բարեկամությունը շարունակել և ամրապնդել, ինչպես նաև նոր հնարավորություններ ստեղծել»:
Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքի խոսքերի ու բարեմաղթանքների համար, նախագահ Խաչատուրյանին է փոխանցել Քուվեյթի Պետության էմիրի ողջույնները:
«Ես նույնպես կցանկանայի անդրադառնալ Քուվեյթում հայկական համայնքին և նշել, որ հայերն աշխատավոր, հարգանք և վստահություն վայելող մարդիկ են: Հայկական համայնքը բարձր համբավ ունի և այն քիչ համայնքներից է, որ փոքր խնդիրներ ունի Քուվեյթում: Մենք պատրաստ ենք ջանքեր ներդնել՝ տարբեր ոլորտներում մեր երկրների հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է Հայաստանում Քուվեյթի դեսպանը:
Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է նաև միջազգային տարբեր հարթակներում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցին կրոնական երանգ հաղորդելու փորձերին և նշել, որ ԼՂ հիմնահարցը զուրկ է միջկրոնական անհանդուրժողականության տարրերից և տեղավորվում է սեփական հողում ազատ ապրելու և արարելու մարդկային հիմնարար իրավունքի տրամաբանության մեջ: Նախագահը հիշեցրել է նաև, որ հայերը դարեր շարունակ կողք-կողքի ապրել են արաբ եղբայրների և մահմեդական այլ ժողովուրդների հետ:
Երկուստեք ընդգծվել է խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև ներդրումներին և տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցերի: Կարևորվել է համագործակցության առավել խորացումը մշակույթի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: