Լուվրում կողոպուտից հետո թանգարանի ղեկավարությունը մշակել է անվտանգության համակարգի բարելավման պլան: Մասնավորապես, կկատարելագործվի տեսահսկման համակարգը, հայտնել է թանգարանի տնօրեն Լորանս դը Կարը: Այս մասին հաղորդել է AFP գործակալությունը:
Նշվում է, որ նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հաշվիչ պալատը հրապարակել է զեկույց, որտեղ քննադատում է Փարիզի թանգարանին անվտանգությանը պատշաճ ուշադրություն չդարձնելու համար: Նոյեմբերի 7-ին դը Կարը հրավիրել է թանգարանի ղեկավարության արտակարգ խորհրդակցություն, որից հետո հայտարարել է, որ «լիովին գիտակցում է խնդիրների մասշտաբն անվտանգության բնագավառում»:
Ըստ տնօրենի՝ Լուվրի ղեկավարությունը մշակել է «գլխավոր պլան», որը բաղկացած է «մի շարք բարելավումներից, մասնավորապես՝ տեսահսկման բնագավառում»: Դը Կարը տեսահսկումը համարել է «առավել խոցելի տեղերից մեկը» թանգարանի անվտանգության համակարգում: Պլանը, տնօրենի խոսքով, պետք է ուժի մեջ կմտնի արդեն նոյեմբերի 7-ին:
Դը Կարը նաև նշել է, որ այժմ Լուվրը «չի կարելի անվանվել 21-րդ դարի թանգարան», և որ այդպիսին դառնալու համար այնտեղ պետք է տեղի ունենա «արդիականացում»:
Նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հաշվիչ պալատն իր հաշվետվության մեջ նշել է Լուվրում անվտանգության անբավարար միջոցառումների մասին. ղեկավարությունը սխալ է բաշխել առաջնահերթությունները բյուջեն ծախսելիս՝ ամենամեծ ուշադրությունը նվիրելով արտաքին կերպարանափոխման և թանգարանի գրավչության բարձրացման միջոցառումներին: Բացի այդ, գերատեսչությունը Լուվրի նորոգման՝ այս տարվա հունվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված նախագծի արժեքը գնահատել է 1,15 միլիարդ եվրո՝ ենթադրվող 700-800 միլիոն եվրոյի փոխարեն:
Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել էին սկուտերներով։



