Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի քաղաքացիների, քիչ առաջ ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ հետ մշակված՝ Գնումների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։
Մասնավորապես, առաջարկվում է՝
- Երևան քաղաքի ավագանու նիստերին, ինչպես նախկինում, թույլ տալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկա գտնվելու նիստերի դահլիճում իրենց համար հատկացված հատուկ տեղում,
- հանվում է ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում կատարվող գնումների և կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ազատության սահմանափակումը։
Այսպիսով, երկու նախագծերն էլ ուղղված են զանգվածային լրատվության միջոցների իրավունքների պաշտպանությանը»։



