
Երեկ «Դվին» ռեստորանում «Այո»-ի շտաբը կազմակերպել էր դրամահավաք-երեկո՝ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ծախսերը հոգալու նպատակով: Եվ, ահա, արդյունքում հավաքվեց 205 մլն դրամից ավելի գումար՝ առանց բանկային փոխանցումները հաշվարկելու:
Հանրաքվեի մասին օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է.«Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը
1. Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը (100 մլն դրամը)»։
Նույն հոդվածի 3-րդ կետն ասում է․«սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե»։
Ըստ օրենքի իշխանությունները տարբեր շրջանականերից հավաքված գումարից 105 մլն դրամ պետք է փոխանցեն պետական բյուջե, բայց «հայրենասեր» իշխանությունները գտել են լուծում, որը թույլ կտա շրջանցել այս օրենքը և հավաքված գումարը պահել իրենց։
Ի սկզբանե հայտարարել էին, որ դրամահավաքը կազմակերպվում է «ԱՅՈ»-ի քարոզարշավի ֆինանսավորման համար։ Այդպես էր գրված նաև գործարարներին ուղարկված հրավիրատոմսերում։
Երբ իշխանությունները հասկացել են, որ հավաքվում է 100 մլն դրամից ավելին, դրամահավաքը ներկայացրել են, որպես կուսակցության դրամահավաք, որպեսզի ավելացված գումարները չփոխանցեն պետական բյուջե։ Եվ որպեսզի կասկած չլինի, որ հյուրերը ֆինանսավորել են ՔՊ-ին՝ իր ֆեյսբուքյան էջում գրառում է անում վարչապետ Փաշինյանը։ Նա գրում է, որ հավաքված գումարի միայն որոշ մասը կտարամդրվի «ԱՅՈ»-ի քարոզարշավին։