Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակմանը Արցախի ոստիկանության մեքենայի վրա:
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական էջում հրապարակված մեկնաբանության մեջ ասվում է. «Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ։ Վերջին մի քանի օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներ են գրանցվել: Մարտի 5-ին զինված միջադեպ է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհեր են եղել և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմում»:
Զախարովան կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու նպատակով: «Վերահաստատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների անշեղորեն պահպանման անհրաժեշտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳ նախարարի խոսնակը հայտարարության մեջ շեշտել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անվտանգության և կյանքի ապահովման հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ կողմերի միջև շփման միջոցով՝ խաղաղապահ զորակազմի հովանու ներքո:
«Կատարվածը ևս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման դրույթների իրականացման շրջանակներում բանակցություններին Բաքվի և Երևանի շուտափույթ վերադարձի հրամայականը»,- ասվում է հայտարարության տեքստում: