Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում կայացած գագաթնաժողովում հանդես է եկել «ԱՊՀ ընտանիքը» նախկին կազմով վերականգնելու օգտին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
«Շատ լավ կլիներ, եթե Վրաստանը մեր ընտանիք վերադառնար, Մոլդովան վերսկսեր իր լիարժեք մասնակցությունը, Ուկրաինայի իշխանությունները խելքի գային, որի բնականոն կյանքի վերականգնմանը մենք պետք է մասնակցենք։ Ես միանգամայն վստահ եմ, որ դա տեղի կունենա։ Դա պարզապես ժամանակի հարց է»,- ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոյի խոսքով՝ «երկրները պետք է գնահատեն այն, ինչ ունեն Համագործակցությունում»։
«Բոլոր նրանք, ովքեր չեն պոկվել մեր Համագործակցությունից, այսօր պարկեշտ արդյունքներ են ցույց տալիս։ Նրանք չեն կորցրել վերահսկողությունն իրենց երկրի նկատմամբ և մնում են միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտներ»,- ասել է Բելառուսի նախագահը։