«Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմն արդեն 5-րդ օրն է նստացույց է անում թատրոնի մուտքի մոտ։ «ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք` միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը», նշված է նրանց պահանջում:
«Այսօր ժամը 14։00-ին գնալու ենք Երևանի Կենտրոնի քննչական բաժին, թե ինչի համար, ինչ նպատակով, կասենք ավելի ուշ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
Իսկ «Գոյ» թատրոնի դերասան Գուրգեն Սարգսյանն առաջարկում է մյուս թատրոնների դերասաններին իրենց կարծիքն հայտնել թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Պետք է խոսել, կարծիք հայտնել։ Կարող եք գրել ձեր կարծիքը «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում։ Ասեք՝ լավ են անում, որ ձեզ հետ այդպես են վարվում, կամ՝ լավ չեն անում, որ ձեզ հետ այդպես են վարվում։ Ոչ մեկից չենք նեղանա, բայց կարծիքներ պետք են։ Իմ վարպետ Արմեն Մազմանյանն էր ասում՝ լռությունը դավաճանության նման մի բան է»։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Օրեր առաջ նաև դիմել էին արդարադատության նախարարություն, որպեսզի մասնագիտական վերլուծություն տրվի Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի մասով։
Դերասանների ներկայացմամբ, «արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» Թատրոնի գործունեությունը»։ Մինչդեռ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից պնդում են՝ «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք։
«Գոյ»-ի դերասանները նոյեմբերի 4-ին գնացել էին թատրոն՝ բանալիները վերցնելու և թատրոն մտելու համար։ Սակայն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Վարդան Մկրտչյանը չտվեց մուտքի բանալին։ Դրանից հետո են «Գոյ»-ի դերասանները հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն։