Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից 2024 թվականի հունիսի 12-ին բռնությամբ դուրս հանող ՊՊԾ աշխատակիցը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ դեպքից ամիսներ հետո նա երկրից արատագաղթել է։ Չի բացառվում, որ նախաքննական մարմինը հիմք ընդունի այս հանգամանքը եւ լրագրողներին օթյակից բռնի դուրս հանած ՊՊԾ աշխատակցի ազատման հիմքով քրեական վարույթը կարճի։

Նշենք, որ այս գործով 5 լրագրողներ արդեն տուժող են ճանաչվել: Վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս հանեցին լրագրողական օթյակից, որպեսզի նրանք ԱԺ նիստը չլուսաբանեն: Այս առիթով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ սկսել են Արաբկիրի բաժին հրավիրել օթյակում գտնված լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով: Տուժած լրագրողները թիվն այս պահին 5-ն է:

Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը, որոնք ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել են:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը կոնկրետ անուններ է տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, եւ ով է կանգնած վերահսկել իրավիճակը:

Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հայտնում, սակայն հետեւում ենք Կոմիտեի քննության ընթացքին՝ սպասելով պատասխանատու պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու գործընթացին: