
Մեծ Բրիտանիան կտրուկ կավելացնի RDX (հեքսոգեն) պայթուցիկների եւ 155 մմ հրետանային արկերի արտադրությունը՝ ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից մատակարարումներից կախվածությունը վերացնելու համար: Ինչպես գրել է The Times թերթը, բրիտանական BAE ընկերությունը նախատեսում է երկու տարվա ընթացքում 16 անգամ ավելացնել հաուբիցների եւ ինքնագնացների համար 155 մմ արկերի արտադրությունը։ Պարբերականի հարցազրույցում BAE-ի ղեկավարության անդամ Սթիվ Քարդյուն բացատրել է, որ ընկերությունը մշակել է եւ առաջինն է աշխարհում, որն սկսել է հեքսոգենի արտադրության նոր տեխնոլոգիայի ներդրումը: Նրա խոսքով՝ մեկ ավտոմատացված արտադրական օբյեկտ, որի համար նախատեսված ողջ սարքավորումները կարող են տեղադրվել ստանդարտ բեռնափոխադրման կոնտեյների ներսում, տարեկան կստեղծի մինչեւ 100 տոննա պայթուցիկ: BAE-ն նախատեսում է հետագայում այլ երկրներին վաճառել հեքսոգենի ապակենտրոնացված արտադրության տեխնոլոգիա, որը չի պահանջում գործարանների կառուցում: Քարդյուի խոսքով՝ ընկերությունն ակնկալում է նման լուծումների պահանջարկի մեծացում՝ կապված ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականության եւ աշխարհում լարվածության զգալի աճի հետ։Պատրաստի արկերը կպատրաստվեն Ուելսում BAE-ի նոր գործարանում, որը պետք է բացվի այս ամառ:BAE-ն՝ Եվրոպայի ամենամեծ սպառազինության մատակարարը, նշել է, որ մտադիր է զինամթերք արտադրել առանց ամերիկյան տեխնոլոգիաների եւ բաղադրիչների օգտագործման: Դա ընկերությանը թույլ կտա ազատորեն իր արտադրանքը մատակարարել այլ երկրներ՝ առանց ԱՄՆ-ի կողմից սպառազինությունների շրջանառության միջազգային կանոնակարգի սահմանափակումների: