Ալիևից «շшն պես վшխեցող» իշխանությունը շարուն...

Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը իտալական Tour de Ski մրցաշարում տուգանվել է մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակելու համար։

Միջադեպից հետո Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հայտարարեց, որ դահուկորդի հայրենասիրական քայլի հետևանքով սահմանված տուգանքը ֆեդերացիան կվճարի։

Սակայն այդ հայտարարությունից ընդամենը օրեր անց Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ հրաժարվում է զբաղեցրած պաշտոնից․ «Որոշում եմ կայացրել վայր դնել Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները։ Սա շատ դժվար ու բարդ որոշում էր ինձ համար»,— գրել էր նա։

Ըստ առկա տեղեկությունների՝ ֆեդերացիայի նախագահի հրաժարականը պայմանավորված է եղել Հայաստանի քաղաքական իշխանությունների ճնշմամբ։ Իշխանությունների ընկալմամբ՝ դահուկորդի և ֆեդերացիայի ղեկավարի դիրքորոշումը հակասում էր Ադրբեջանի հետ «խաղաղություն հաստատելու» իրենց օրակարգին։ Կառավարական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մտահոգվել է Ալիևի հնարավոր արձագանքով և որոշել է հրապարակային կերպով «պատժել» ֆեդերացիայի նախագահին՝ Բաքվին ուղերձ հղելու նպատակով, որ Երևանը վերահսկում է նման դրսևորումները։

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ նույն Ադրբեջանում ամիսներ առաջ Ալիևը գնդապետի կոչում շնորհեց Ռամիլ Սաֆարովին՝ այն անձին, որը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։

Այս ֆոնին առավել քան զարմանալի է, որ, ժողովրդական խոսքով ասած, Ալիևից շան պես վախեցող իշխանությունը շարունակում է խոսել ինքնիշխանությունից։ ՔՊ-ի ընկալմամբ ինքնիշխանությունը, ըստ էության, դրսևորվում է ռուսներին հայհոյելու, իսկ Ադրբեջանից սարսափած՝ երկրի ներսում նույնիսկ մարզական ֆեդերացիայի նախագահ փոխելու տեսքով։