
«ԱրմԼենդ» արշավական խմբի ղեկավար Արտյոմ ՄարտիրոսյանըSHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատողներն իր դեմ ոստիկանություն հաղորդում են տվել, որ գործընթաց սկսվի և գործը տեղափոխվի դատարան, քանի որ ինքն ու իր ընկերները բարձրացել են Ամուլսարի գագաթը, որը, աշխատակիցների խոսքով, սեփական տարածք է.
«Ցանկացել ենք բարձրանալ Ամուլսարը և բարձրացել ենք, ցանկացել ենք հասնել լեռան գագաթին և հասել ենք: Այնտեղի աշխատողները մեզ ասել են, որ պետք է հետ գնանք, քանի որ լեռը սեփական է: Բնական է, մենք իրենց չենք լսել, 5 ժամ քայլելուց հետո, մենք խմբի անվտանգությունից ելնելով, շարունակել ենք ճանապարհը»:
Արտյոմ Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին սպասողական վիճակում է, սակայն վստահ է, որ բոլոր օրենքներով իրենք ճիշտ են եղել և հարկավոր էր նախապես ասել, որ չի կարելի բարձրանալ:
Արշավական խմբի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ մեծ հարց է, թե որքանով է նրանց պահանջը օրինական, քանի որ գուցե նրանք գնել են որոշ հողատարածքներ, սակայն դժվար թե նրանք կարողանային սեփականացնել ողջ լեռը:
«45-րդ միջօրեական» արշավական խմբի համահիմնադիր Արիստակես Հովսեփյանը ևս SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքը նույնպես ևս բախվել է նման խնդրի.
«Մենք պետք է բարձրանայինք Ամուլսարը, բայց չենք բարձրացել: Ինձ զանգել, ներկայացել են անվտանգության ծառայությունից, և ես ասել եմ, որ մենք արշավ չենք արել: Դրանից հետո ինձ զանգում են ոստիկանությունից, ասում են, որ ես խաբել եմ իրենց. ասել եմ, որ չեմ գնալու, բայց գնացել եմ: Իմ փոխարեն ուրիշ խումբ է եղել, բայց դա ընդհանրապես նշանակություն չունի: Իրականում իմ հաշվով զրպարտություն է եղել: Ես ասացի, որ եթե հետագայում ցանկանանք արշավ անցկացնել և մեզ իրավական փաստաթուղթ չներկայացվի, ապա արշավը կկայանա»:
Արիստակես Հովսեփյանը ասաց, որ պետք է ներկայացվի իրավական փաստաթուղթ, ցուցանակ դրվի, տարածքը փշալարերով անջատվի, որ մարդը կարողանա հասկանալ, որ դա մասնավոր տարածք է, հակառակ դեպքում իրավունք ունի գնալ սար: