Լիբանանը նվազեցրել է Քադաֆիի որդու ազատ արձակ...

Լիբանանի դատարանը համաձայնել է նվազեցնել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու՝ Հաննիբալ Քադաֆիի գրավի չափը 11 միլիոն դոլարից մինչև 900 000 դոլար։ Այս մասին հաղորդում է Asharq Al-Awsat պարբերականը։

Դատավորը նաև որոշել է չեղարկել Հաննիբալ Քադաֆիի նկատմամբ սահմանված ճանապարհորդության արգելքը՝ թույլատրելով նրան դուրս գալ Լիբանանի տարածքից անմիջապես գրավի վճարումից հետո։ Տեղեկությունների համաձայն՝ գրավի կրճատումը դատավորի կողմից ցանկացած դեպքում կայացվող հայեցողական որոշում է՝ առանց հիմնավորման պահանջի։ Դատավորի կայացրած որոշումը «վերջնական է և չի կարող բողոքարկվել կամ չեղյալ հայտարարվել»։ 

Որոշումը կայացվել է Լիբիայի պաշտոնական պատվիրակության՝ Բեյրութ այցելությունից և նախագահ Ջոզեֆ Աունի և գործին առնչվող մի քանի այլ պաշտոնյաների հետ հանդիպումից մի քանի օր անց։

Հաննիբալ Քադաֆիին մեղադրել են այն բանի համար, որ նա թաքցրել է լիբանանցի շիա հոգևորական Մուսա աս-Սադրի անհետացման մասին տեղեկատվությունը գրեթե չորս տասնամյակ առաջ, երբ ինքն ընդամենը երեք տարեկան էր։ 

Ամուսնացած լինելով լիբանանցի մոդելի հետ՝ Հաննիբալ Քադաֆին փախել էր Սիրիա։ 2015 թվականի դեկտեմբերին նրան առևանգել են զինված անձինք՝ տանելով Լիբանան, որտեղ էլ իշխանությունները ձերբակալել են նրան։

«Ամալ» շարժման հիմնադիր աս-Սադրն անհետ կորել է 1978 թվականին Լիբիա կատարած պաշտոնական այցի ժամանակ՝ իր օգնականի և լրագրողի հետ միասին։

Բեյրութում նրանց անհետացման համար մեղադրվել է Մուամմար Քադաֆին։