Լևոն Քոչարյանը բացառում է, որ «Հայաստան» դաշի...

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը բացառում է, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից պատգամավորի 3 թեկնածուներին ստիպել են հրաժարվել մանդատից, որպեսզի ինքը ստանա պատգամավորական մանդատը։  Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով իր այն հայտարարությունը, որ իր համար անակնկալ էր պատգամավորական մանդատ ստանալը, նաև այն վարկածները, որ ինքնաբացարկ հայտնած պատգամավորի թեկնածուներին ստիպել են հրաժարվել մանդատներից։

«Ես ինքնաբացարկ հայտնած պատգամավորներին չեմ հանդիպել, միայն ողջունել եմ Միհրդատ Մադաթյանին, երբ նա ինձ դիմավորել է քրեակատարողական հիմնարկի մոտ։ Ես կարդացել եմ նրանց հայտարարությունները և որևէ հիմք չունեմ հակառակին հավատալու համար։ Եթե նրանց որոշման մեջ նաև դեր է խաղացել ինձ ապօրինի կալանքից ազատելը, ես միայն շնորհակալ եմ դրա համար ու, կարծում եմ, որ ինչ-որ չափ դա է դեր խաղացել, ու փորձել այստեղ ինչ-որ ուրիշ բան տեսնել, միանշանակ բացառված է»,- ասաց Քոչարյանը։

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի  կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուներ Միհրդատ  Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը  ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել Կենտրոնական ընտրականհանձնաժողով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին մանդատը տվեց ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Քոչարյանին։

Այդ պահի դրությամբ Լևոն Քոչարյանը կալանավորված էր, նա  կասկածվում է ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ  բռնություն գործադրելու մեջ։ Նույն օրն՝ ավելի ուշ, Լևոն Քոչարյանը  ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից։