Լենա Նազարյանն ընդունել է Լոս Անջելեսի քաղաքա...

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը զբաղված է «Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի մշակմամբ: Այս համատեքստում կարեւորվել է ԱՄՆ փորձի ուսումնասիրումը և անհրաժեշտության դեպքում այն կիրառումը:

Խոսելով Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ նախատեսվող փոփոխությունները կնպաստեն բնագավառի հանդեպ հանրության վստահության բարձրացմանը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում կանանց ներգրավվածությանը, ընտանեկան բռնության դեպքերը կանխելուն ուղղված հայ խորհրդարանականների կողմից իրականացվող քայլերին: ԱԺ փոխնախագահը նշել է, որ զբաղվում է կանանց խնդիրներով՝ փորձելով օրենսդրական կարգավորումների միջոցով լուծում տալ դրանց:

Հյուրերը խոսել են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ժողովրդավարության զարգացմանը միտված բարեփոխումներին:

Ադրին Նազարյանը և Փոլ Քրիքորյանը կիսվել են Արցախ կատարած այցի տպավորություններով՝ փաստելով մի շարք ոլորտներում տեղի ունեցած առաջընթացը: