Լեհաստանը հետ է կանչում Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսության գործունեության վերաբերյալ իր համաձայնությունը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։
«Ես որոշել եմ հետ կանչել Գդանսկում վերջին ռուսական հյուպատոսության գործունեության վերաբերյալ իմ համաձայնությունը։ Այս մասին ռուսական կողմին կտեղեկացվի պաշտոնական նոտայով առաջիկա՝ մի քանի ժամվա ընթացքում», - ասել է Սիկորսկին։
Արտգործնախարարն այս որոշումը կապել է Լեհաստանի երկաթգծում վերջերս տեղի ունեցած պայթյունի հետ։ Նա հավելել է, որ եթե նման միջադեպեր կրկնվեն, կկայացվեն հետագա որոշումներ։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Լեհաստանում երկաթգծի պայթյունին մասնակցած երկու ուկրաինացի քաղաքացի երկար ժամանակ համագործակցել են ռուսական հետախուզության հետ։ Սակայն, ենթադրաբար, նրանց հաջողվել է լքել հանրապետությունը «Տերեսպոլի» անցակետով։
Անցյալ շաբաթվա վերջին Լեհաստանի Վարշավա-Լյուբլին երկաթուղում տեղի է ունեցել պայթյուն, որը Տուսկը որակել է որպես դիվերսիա:



