Լեհաստանի փոխարտգործնախարարը կոչ է անում Ռուս...

Լեհաստանը պետք է բոյկոտի 2024 թ. Օլիմպիական խաղերը, եթե դրանց մասնակցեն մարզիկներ Ռուսաստանից և Բելառուսից, հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Իմ անձնական կարծիքն այն է, որ եթե Ռուսաստանից և Բելառուսից մարզիկներին թույլատրեն մասնակցել 2024 թ. խաղերին, ապա մենք պարզապես պետք է բոյկոտենք այդ խաղերը: Նման խաղերին մասնակցություն չպետք Է լինի», - ասել է Յաբլոնսկին RMF FM ռադիոկայանի եթերում։ «Սա ճնշում է, որ մենք պետք է գործադրենք Միջազգային օլիմպիական կոմիտեի վրա», - հավելել է նա։

Դրա հետ մեկտեղ փոխնախարարն ընդգծել Է, որ իր անձնական կարծիքն է հայտնում: «Սա իմ կարծիքն է, մարզական միություններն իրենց որոշումներն իրենք կկայացնեն, քանի որ նրանք անկախ են կառավարությունից: Ես բոլորին կոչ կանեմ այդպիսի որոշում կայացնել (խմբ.՝ բոյկոտել Օլիմպիական խաղերը)», - ասել Է նա։

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեն հունվարի 25-ին հանդես Է եկել ռուսաստանցի և բելառուս մարզիկներին չեզոք կարգավիճակով միջազգային մրցումներին վերադարձնելու օգտին՝ միաժամանակ առաջարկելով թույլ չտալ այն մարզիկների մասնակցությունը, որոնք ակտիվորեն պաշտպանում են Ուկրաինայում ՌԴ ծավալած ռազմական գործողությունները։ Ի պատասխան՝ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ՄՕԿ-ին մեղադրել է բռնություն ու ավերածություններ քարոզելու և Ռուսաստանի կողմից կաշառման մեջ։

ՄՕԿ-ը մեղադրանքները որակել Է որպես զրպարտություն: Դրանից հետո Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի սպորտի նախարարները համատեղ հայտարարությամբ դիմել են Միջազգային օլիմպիական կոմիտեին, որտեղ կոչ են արել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլ չտալ մասնակցել 2024 թ.-ի Օլիմպիական խաղերին։ ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ արևմտյան երկրներում ռուսաստանցիների և ռուսալեզու քաղաքացիների նկատմամբ ագրեսիայի գործողություններն ազդում են ռուսաստանցի ուսանողների, մարզիկների, մշակույթի և արվեստի գործիչների վրա։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ արևմտյան ռուսատյացությունը ոչ այլ ինչ է, քան ռասիզմ։