
Մյունխենի անվտանգության համաժողովում ԵՄ առաջնորդների ելույթները ագրեսիվ էին, հատկապես Ռուսաստանի առնչությամբ, բայց լսվեցին նաեւ այլ ձայներ՝ իրատեսական, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։
Լավրովն ափսոսանք է հայտնել, որ այն ուժերը, որոնք գոհ չեն պատմության ընթացքից, որոնք կցանկանան վերաշարադրել այն եւ դառնալ հեգեմոն միջազգային ասպարեզում, փորձում են ազդել աշխարհի եւ Եվրոպայի իրավիճակի վրա։
«Մենք սա եւս մեկ անգամ հաստատել ենք։ Վերջերս Մյունխենի համաժողովում, որտեղ եվրոպացի առաջնորդների ելույթներն անսովոր ագրեսիվ էին, առաջին հերթին իմ երկրի դեմ»,- ասել է նախարարը Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ բանակցությունների ժամանակ։
«Բայց լսվեցին նաեւ այլ ձայներ՝ ավելի իրատեսական, հիմնված աշխարհում ուժերի արմատապես փոփոխվող հավասարակշռության վրա, եւ ձայներ, որոնք հիմնականում սկսում են հաշվի առնել օբյեկտիվորեն ձեւավորվող բազմաբեւեռ աշխարհակարգի իրողությունները», - նշել է նա։