
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կայցելի Թեհրան, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ «Փետրվարի 25-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հրավերով, աշխատանքային այցով կմեկնի Թեհրան»,- նշվել է հաղորդագրությունում։ Նախարարությունում նշել են, որ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները առարկայորեն կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը, որը պաշտոնապես հասել է համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի հունվարի 17-ին Մոսկվայում նոր բազային միջպետական համաձայնագրի ստորագրմամբ։ Ինչպես տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ում, բանակցությունների ընթացքում նախատեսվում է հատուկ շեշտադրում կատարել փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման վրա՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում առանցքային համատեղ նախագծերի իրականացման համատեքստում։ «Ենթադրվում է մտքերի փոխանակում մի շարք հրատապ միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում, Անդրկովկասում, Աֆղանստանում, Եմենում, Պարսից ծոցի գոտում, Մերձավոր Արեւելքի կարգավորումը, Կասպյան հարցերը եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ավելացրել են ՌԴ ԱԳՆ-ում։