Լավրովը կատարցի իր գործընկերոջ հետ քննարկել է...

Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Դոհայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել է ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր։ Այս մասին հայտնում է Կատարի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հարաբերությունները և դրանց աջակցության ու զարգացման ուղիները, հատկապես տեխնոլոգիական ոլորտում, ինչպես նաև ռուս-ուկրաինական ճգնաժամի շուրջ զարգացումները։

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև համատեղ միջնորդության շրջանակներում Կատարի ջանքերը, որոնք նպաստել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության ձեռքբերմանը։ Բացի այդ, անդրադարձ է կատարվել Սիրիայում և Լիբանանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։

Հանդիպման ընթացքում Կատարի վարչապետը վերահաստատել է, որ երկիրն աջակցում է բոլոր միջազգային ջանքերին՝ երկխոսության և դիվանագիտական ​​մեթոդներով ռուս-ուկրաինական հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար:

Լավրովը նաև հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ, որի ընթացքում քննարկվել է էներգետիկ և ներդրումային ոլորտներում երկու երկրների համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ Կատարի էմիրը նշել է, որ ծրագրում է ապրիլի 17-ին այցելել Ռուսաստան։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը փոխանցել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները և հայտարարել, որ ռուսական կողմը սպասում է էմիրի այցին։

 Նախքան Կատար այցը Լավրովն այցելել էր Թուրքիա և Իրան։