Հյուսիսատլանտյան դաշինքը ԽՍՀՄ-ի եւ Վարշավայի պայմանագրի կազմակերպության փլուզումից հետո տարածքների յուրացման աշխարհաքաղաքական նախագիծ է։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Սոլովյով Live» յութուբյան ալիքի համար Վլադիմիր Սոլովյովին տված բացառիկ հարցազրույցում։
«ՆԱՏՕ-ն այժմ զուտ տարածքի յուրացման աշխարհաքաղաքական նախագիծ է, որն անտեր է դարձել Վարշավայի պայմանագրի [կազմակերպության] անհետացումից եւ Խորհրդային Միության փլուզումից հետո։ Ահա թե ինչով են նրանք զբաղված»,- ասաց նախարարը։
Լավրովն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ ՆԱՏՕ-ի` իր սահմանների շեմին մնալու նկատմամբ։ «Այն, որ նրանք արդեն համարձակվել են, ինչպես ասաց [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը, մեր տան շեմին, իհարկե, դա չի կարող մեզ անտարբեր թողնել»,- ասել է Լավրովը։
Ընդ որում, նախարարը մատնանշել է, որ անհրաժեշտ չէ Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդում անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր պատրաստել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ «Իհարկե, բանակցողը [ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս] Ստոլտենբերգը չի լինի, ով, մեծ հաշվով, ՆԱՏՕ-ի քարտուղարության գլխավոր ադմինիստրատիվ մենեջերն է, դրանք կլինեն դաշինքի առանցքային անդամները, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները»,- ասել է նա:
ՌԴ ԱԳ նախարարը նաեւ հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն խոստացել է, որ դաշինքը չեն ընդլայնելու դեպի արեւելք։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը լուրջ կասկածներ ունի, որ ՆԱՏՕ-ն դեպի արեւելք չընդլայնելու իր պահանջը չի անտեսվի։ «Մենք հրապարակեցինք մեր նախաձեռնությունը, ինչպես բացատրեցին նախագահ [Ռուսաստանի Դաշնություն] Պուտինն ու ԱԳՆ-ն, քանի որ գիտենք Արեւմուտքի` իրենց համար անհարմար հարցերը շրջանցելու կարողության մասին,- ասել է նա:- Մենք լուրջ կասկածներ ունենք այն հարցում, որ մեր առաջարկներում գլխավորը, այն է՝ ՆԱՏՕ-ի անվերապահ պահանջը՝ չընդլայնվել դեպի արեւելք, չի շրջանցվի», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը հավելել է, որ դիվանագիտական պրակտիկան ենթադրում է, երբ «բոլոր [կողմերը] հավաքվում են, ներկայացնում են իրենց առաջարկները, դրանք ուսումնասիրվում են, իսկ հետո բանակցողները սկսում են ընդհանուր բազա ստեղծել, որը վերածվում է փաստաթղթերի»։ «Բայց դա այն դեպքում, եթե երկուստեք համաձայնության գալու ցանկություն կա»,- ասել է նախարարը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ անվտանգության հարցերով ԱՄՆ-ի հետ բանակցություններում պատվիրակությունը կհետեւի նախագահ Պուտինի հրահանգներին։ «Մենք կսպասենք, առաջին հերթին, թե ինչ կառաջարկեն մեզ ամերիկացիները ի պատասխան, եւ մենք, անշուշտ, կաշխատենք նախագահի հստակ, միանշանակ հրահանգների հիման վրա»,- ասել է նա։
Դեկտեմբերի 17-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների եւ Ռուսաստանի Դաշնության եւ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրի նախագիծը։ Դրանք ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդին հանձնվել են դեկտեմբերի 15-ին:



