Դպրոցը պետք է դառնա երեխաների համար զարգանալու և ստեղծագործելու, ինչպես նաև հետագա բարեկեցիկ և հաջողակ կյանքի պատրաստվելու միջավայր, որտեղ նրանք ձեռք կբերեն իրենց ցանկացած հաջողություններին հասնելու հմտություններ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արարատի մարզի Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում հանդես եկա ելույթով»,- նշել է նա:
«Շատ կարևոր է կոնկրետ գիտելիքներ իմանալ, բայց գիտելիքի իմանալու ձևն էլ է փոխվում, մեթոդը և մոտեցումն են փոխվում: Ամենակարևոր հմտությունը, որ մեր կրթական համակարգը պետք է փոխանցի մեր երեխաներին, կյանքի փոփոխություններին ադապտացվելն է: Կյանքը հիմա ինչքան գնա ավելի արագ է փոխվելու, մեզ համար շատ կարևոր է, որ մեր երեխաները կարողանան կյանքին համահունչ փոխվել այնպես, որ իրենց կյանքը լինի ավելի լավը և ոչ երբեք ավելի վատը: Սրա համար է դպրոցը, սրա մասին է դպրոցը, և դա է նաև պատճառը, որ մեր դպրոցի մուտքի մոտ մի հիմնական ուղերձ է ձեզ ուղղված՝ «Լավ սովորեք, որ լավ ապրեք», և լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում, և մենք կարծում ենք, որ մենք դրա համար նվազագույն պայմաններն ապահովել ենք, մնացած ամեն ինչը կախված է ձեզանից: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր բարեկեցիկ կյանքին այսօր պատրաստվելու գործում»,- ասել է Փաշինյանը:



