Լատվիայի խորհրդարանը քվեարկել է Ստամբուլի կոն...

Լատվիայի խորհրդարանը հաստատել է Ստամբուլի կոնվենցիայից՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված պայմանագրից երկրի դուրս գալու որոշումը։ Լատվիան Ստամբուլի կոնվենցիան վավերացրել էր 2023 թվականի նոյեմբերին։ Այս մասին հայտնում է LRT պարբերականը։

Առաջարկն առաջին ընթերցմամբ ընդունվել էր խորհրդարանում՝ իշխող կոալիցիայի պատգամավորների աջակցությունը ստանալուց հետո. այն հոկտեմբերի 30-ին հաստատվել էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։ Վերջնական ընթերցմամբ առաջարկն ընդունվել է խորհրդարանում հոկտեմբերի 31-ին՝ մոտ 13 ժամ տևած քննարկումներից հետո։

Կոնվենցիայից դուրս գալու առաջարկը ներկայացրել էր ընդդիմադիր աջակողմյան «Լատվիան առաջին տեղում» կուսակցությունը սեպտեմբերին։

Ըստ Delfi-ի պարբերականի՝ որոշմանն աջակցել են ընդդիմադիր կուսակցությունների 56 պատգամավոր, ինչպես նաև «Կանաչների և ֆերմերների միությունը», 32 պատգամավոր դեմ են քվեարկել: 

Քննարկման ընթացքում «Նոր միասնություն» կուսակցության անդամները կիսվել են ընտանեկան բռնության անձնական պատմություններով և նշել, որ կոնվենցիայից հրաժարվելը կխաթարի մարդու իրավունքների պաշտպանությունը: 

Դեմ քվեարկած պատգամավորները նշել են, որ որոշումը կարող է վնասել երկրի միջազգային հեղինակությանը և նվազեցնել ներդրողների վստահությունը:

Կոնվենցիային դեմ արտահայտվող խորհրդարանականները, մասնավորապես՝ «Լատվիան առաջին տեղում» կուսակցության անդամները, պնդում են, որ կոնվենցիան պարտադրում է օտարերկրյա գաղափարախոսական նորմեր և հակասում է երկրի ավանդական ընտանեկան արժեքներին:

Խորհրդարանի կողմից ընդունված օրենքը ներկայացվել է նախագահ Էդգարս Ռինկևիչսին: Նա պետք է 10 օրվա ընթացքում որոշում կայացնի փաստաթղթի ապագայի վերաբերյալ՝ հաստատե՞լ այն, թե՞ վերադարձնել Սեյմին (խորհրդարան)՝ վերանայման համար: Պետության ղեկավարի խոսքով՝ նա ունի մի քանի տարբերակ, այդ թվում՝ հանրաքվեի անցկացումը:

Քվեարկության նախօրեին 15 եվրոպական երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Դանիայի և Լեհաստանի դիվանագետները նամակ են հղել Սեյմին՝ մտահոգություն հայտնելով Լատվիայի՝ կոնվենցիայից հնարավոր դուրս գալու վերաբերյալ: Դիվանագետները նշել են, որ փաստաթուղթը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային կարևորագույն շրջանակ է։

Լատվիայում հոկտեմբերի 29-ին մոտ 5000 մարդ հավաքվել է Սեյմի դիմաց՝ բողոքելով Ստամբուլյան կոնվենցիայի չեղարկման դեմ: Հավաքը դարձել է վերջին տարիներին երկրում ամենամեծ բողոքի ցույցերից մեկը:

Ստամբուլի կոնվենցիան (լրիվ անվանումը՝ Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիա) միջազգային իրավական փաստաթուղթ է։ Այն առաջին իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթն է, որը սահմանում է պետությունների համար համապարփակ չափորոշիչներ՝ բռնությունը կանխելու, զոհերին պաշտպանելու և մեղավորներին հետապնդելու համար։

Փաստաթուղթը վավերացրել է 38 եվրոպական երկիր, ինչպես նաև Վրաստանը։ Թուրքիան ևս վավերացրել էր այն, սակայն 2021 թվականին դուրս էր եկել կոնվենցիայից՝ հայտարարելով, որ այն կփոխարինի ներքին օրենքներով։

Հայաստանը, Բուլղարիան, Հունգարիան, Չեխիան, Լիտվան, Սլովակիան ստորագրել են փաստաթուղթը, բայց չեն վավերացրել այն: