
Այս օրերին Սիրիայի ծովափնյա որոշ շրջաններում, հատկապես երկրի գլխավոր նավահանգիստ Լաթակիայում զինված բախումները ազդեցություն են ունենում նաև այնտեղ բնակվող մեծաթիվ հայության վրա։ Այս մասին գրում է «Արևելք»-ը։
իրիայի ապահովական ուժերի և ծովափի շրջանների զինյալ խմբավորումների միջև բախումների հետևանքով զոհեր և վիրավորներ կան։ Երեկ օրվա ընթացքում բախումները հասել էին մինչև Լաթակիայի կենտրոնը։
Զինյալները Սիրիայի տապալված նախագահ Բաշաար Ալ-Ասադի կողմնակիցներից են, որոնք երկրի անվտանգության 15-ից ավելի աշխատակցի են սպանել։ Ըստ լրատվամիջոցների, երկու կողմից զոհերի թիվը 70-ից անցնում է։
«Արևելք»-ի տեղեկություններով, Լաթակիայի համայնքային կառույցները՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սրբոց Նահատակաց վարժարանն այսօր փակ են՝ բնակիչներին հորդորել են մնալ տներում և դուրս չգալ։ Կայքի տեղեկություններով, հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր նախատեսված արևգալի եւ հսկման արարողությունները չեն կատարվելու։
Լաթակիա-Թարթուս ճանապարհը փակ է, շրջանում ժամանակ առ ժամանակ պարետային ժամ է հայտարարվում։
Հայկական համայնքային կառույցները հայերին տեղեկացնում են, որ հարցերի դեպքում կարող են զանգահարել բժիշկ Մինաս Պալյանին (0933617706) եւ Ավետիս Գարբուշյանին (0933258111)։