«Ապօրինի ծառահատումների հետ ոչ կապ ունեցել ենք, ոչ էլ կարող ենք ունենալ։ Ապօրինի ծառահատումները Տավուշի մարզում եղել են մշտապես, հիմա դրանք բավականին պակասել են էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկի հետ կապված»,-լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով Ղալումյանների հասցեին հնչող այն տեսակետներին, թե հովանավորում են ապօրինի ծառահատումները, իսկ Նիկոլ Փաշինյանն աչք է փակում և սլաքներն ուղղում ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ։ Նշենք, որ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես էր եկել բացահայտումներով՝ մեղադրելով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին մարզում ապօրինի ծառահատումները չկանխելու կամ անտառների ոչնչացմանը թույլ տալու մեջ։



